ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առիթով

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առիթով
08.03.2026 | 14:36

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց և շնորհավորում Կանանց տոնի առիթով։

Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։

Արդարև, այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ․ ամեն։

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ